Գնահատականը ուսումնական գործընթացի ֆորմալ, ձևական մասն է միայն։ Այն երբեք ոչ ուսուցչի, ոչ աշակերտի և առավել ևս ոչ էլ ծնողի համար պետք է գերնպատակ չլինի։ Գնահատականը լոկ պետք է հանդիսանա միջոց աշակերտի աշխատանքը, գիտելիքը գնահատելու, արժևորելու և խրախուսելու, և ոչ երբեք հանդիսանա միջոց աշակերտին բարդույթավորելու, աշակերտին նվաստացնելու և աշակերտի վրա իշխելու։ Գերագույն նպատակը պետք է լինի գիտելիքը, իմացությունը և ոչ երբեք գնահատականը։ Մնացած բոլոր միջոցները այդ գիտելիքը գնահատելու հանդիսանում են ուսումնական գործընթացի զուտ ձևական կողմերը, այն է՝ կգնահատվի սմայլիկներով, աստղիկներով, փուչիկներով, թվանշաններով, թե պարգևներով, դրանք բոլորը երկրորդական հարցեր են։ Գնահատման պրոցեսը երբեք չպետք է ցավոտ լինի ոչ ուսուցչի և ոչ, առավել ևս, աշակերտի համար։ Դպրոցում դրվածքն այնպիսին պետք է լինի, որ աշակերտը կարողանա օբյեկտիվորեն ինքն իրեն, իր գիտելիքը գնահատել։ Անպայման պետք է հնարավորություն ունենա հիմնավորելու իր վերաբերմունքը իրեն ներկայացվող գնահատականի հանդեպ։ Ուսուցչի հիմնական աշխատանքը էստեղ պետք է լինի համբերատար լսել, հասկանալ և ընդունել կամ չընդունել աշակերտի փաստարկները։ Վերջինիս պարագայում ուսուցիչն այնպես պետք է հիմնավորի իր տեսակետը, որ աշակերտը շնորհակալության զգացումով հեռանա ուսուցչից, էլ ավելի լավ աշխատելու մտադրությամբ և ձգտումով։ Երբեք որևէ բան այնպես չի փչացնում, ոչնչացնում մարդուն, որքան անարժանիին տրվող ոչ արժանի խրախուսումը և արժանավորի անտեսումը։

Ինչպես եմ պատկերացնում գիտելիքի գնահատման մեխանիզմները․

Կրտսեր դասարաններում, նկատի ունենալով երախայի փխրուն, ոչ կայուն հոգեկան կառուցվածքը, երեխաներին պետք է միայն խրախուսել խաղային եղանակներով, վերը նշած փուչիկ, ժպիտիկ, թիթեռնիկ, աստղիկ և այլն։ Սակայն հիմնական խրախուսումը պետք է լինի ուսուցչի բարի և սիրող ժպիտը, արձագանքը, խոսքը։ Երբեք պետք չէ արհեստական մրցակցություն առաջացնել աշակերտների մեջ, անընդհատ մատնանշելով մեկի արժանիքները և մյուսի թերությունները։ Էնպիսի մթնոլորտ պետք է ստեղծվի դասարանում, որ աշակերտներն իրենք նախանձախնդիր լինեն իրենց ընկերոջ առաջադիմության համար, ամեն կերպ աջակցեն և օգնեն թերացող, դանդաղ ընկերոջը։

Միջին օղակում աշակերտը պետք է պատրաստ լինի գնահատման մի փոքր ավելի հետևողական, օբյեկտիվ մոտեցմանը, սա նշանակում է, որ աշակերտը պետք է տիրապետի որոշակի ծավալով գիտելիքների, որոնց դիմաց պետք է ըստ արժանվույն ստանա որոշակի նիշեր,  որոնք իրեն կթելադրեն իր իմացությունների և գիտելիքների մակարդակը։ Պարբերաբար պետք է անցկացվեն գիտելիքի ստուգումներ ինքնուրույն աշխատանքների ձևով։

Ավագ դասարաններում  ստուգման մեխանիզմներն ավելի հետևողական և հաճախակի բնույթ պետք է կրեն, և աշակերտը պետք է ունենա գնահատականների բազա, որոշակի սանդղակով պայմանավորված։ Կոնկրետ առարկան աշակերտի համար կհամարվի հաղթահարված, երբ նա կարողանա ապահովել այդ առարկայի համար նախատեսված միավորների որոշակի քանակ։

 

Ծնող՝ Ալվարդ Սեմիրջյան

 

Оставьте комментарий